Երեւան։ Հայաստան։ 1 մարտի, 2023թ.։ Visa-ն այսօր հրապարակել է կանանց առաջնորդության եւ ձեռներեցության վերաբերյալ Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում անցկացված հետազոտության արդյունքները։ Այն իրականացվել է տարածաշրջանում մեծ փորձ ունեցող Emerging Europe հայտնի աճի կենտրոնի կողմից՝ «She’s Next» նախաձեռնության շրջանակում։
Ծավալուն հետազոտության շրջանակում իրականացվել է 2,000 առցանց հարցում 11 երկրում, այդ թվում՝ Հայաստանում բիզնեսի սեփականատեր կամ ինքնազբաղված կանանց շրջանում, ինչպես նաեւ 75 խորը հարցազրույցներ ու ֆոկուս խմբեր: Ստացված տվյալները մանրակրկիտ պատկերացում են տալիս տարածաշրջանի միջին վիճակագրական կին ձեռներեցի մասին եւ շահագրգիռ կողմերին թույլ կտան հասկանալ դժվարություններն ու խնդիրները, որոնց իրենց կարիերայի զարգացման ընթացքում բախվում են կանայք։
«Ինչպես մեր հարցվողներից մեկն է նշել, կանանց համար ավելի դժվար է միջոցներ հայթայթելը: Դա ավելի դժվար է եւ՛ Սիլիկոնյան հովտում, եւ՛ իր երկրում՝ Հայաստանում։ Եվ միջոցներ գտնելը կին ձեռներեցներին հանդիպող բազմաթիվ մարտահրավերներից լոկ մեկն է... Այս հետազոտությամբ մենք ցանկանում էինք հնարավորինս խորը ուսումնասիրել կանանց ձեռներեցությունը եւ հասկանալ բոլոր հնարավոր խոչընդոտները, որոնք կարող են ազդել կին հիմնադիր ունեցող բիզնեսների եւ ստարտափների վրա: Մենք նաեւ ցանկանում էինք ուսումնասիրել նրանց կարիքները, ինչպես նաեւ վեր հանել հնարավոր լուծումներ, որոնք կարող են հզորացնել նրանց եւ օգնել նրանց բիզնեսին բարգավաճել ու դուրս գալ միջազգային մակարդակ»,- նշել է Emerging Europe-ի հիմնադիր գործընկեր Էնդրյու Վրոբելը։
Ընդհանուր առմամբ, Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում կանանց պատկանող բիզնեսների մեծ մասը (84 տոկոս) իրենց երկրների սահմաններից անդին գործունեություն չի ծավալում, սակայն կին ձեռներեցները պատրաստ են սովորել արտերկրում բիզնես վարել:
Կանանց պատկանող բիզնեսների գործունեության առաջատար ոլորտներն են՝ գեղեցկությունն ու առողջությունը (17 տոկոս), մանրածախ առեւտուրը (12 տոկոս), գյուղատնտեսությունը եւ սննդամթերքի արտադրությունը (12 տոկոս), կրթությունը (8 տոկոս) եւ հասարակայնության հետ կապերն ու մարքեթինգը (7 տոկոս): Կին ձեռներեցների երկու երրորդը չի օգտվում արտաքին ֆինանսավորումից, մինչդեռ նրանց երեք քառորդը չունի վարձու աշխատող: Տարածաշրջանում կանանց պատկանող բիզնեսների մոտ 35 տոկոսը ստեղծվել է 1,000 ԱՄՆ դոլարից պակաս ներդրումով: 10 կնոջից միայն մեկն է, որ ունի 5-ից ավելի վարձու աշխատող։
«2019 թվականին իր մեկնարկից ի վեր «She’s Next» ծրագիրն ուղղված է եղել կին առաջնորդների եւ տեղական համայնքների հզորացմանն ու նրանց բարգավաճմանը։ Դա է պատճառը, թե ինչու է Visa-ի համար շատ կարեւոր տեղյակ լինելը կին ձեռներեցների հատուկ կարիքների եւ մտահոգությունների մասին այն երկրներում, որտեղ նախաձեռնությունն ակտիվ է: Մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի եւ Արեւելյան ու Հարավարեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Հավարային Կովկասի ողջ տարածաշրջանի կին ղեկավարները աստիճանաբար անցնում են էլեկտրոնային կոմերցիայի ու վայելում հարմարավետ եւ հուսալի թվային վճարումների առավելությունները։ Մենք կօգտագործենք հետազոտության արդյունքները՝ տարածաշրջանում գենդերային ներառականությունը խթանող շատ ավելի շատ նախաձեռնություններ իրականացնելու համար»,- նշել է Visa-ի ավագ փոխնախագահ, ԱՊՀ եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Վիրա Պլատոնովան։
Հիմնական եզրահանգումներ
- Կանայք ձգտում են մասնագիտական եւ ֆինանսական անկախության։ Կանանց համար իրենց բիզնեսը սկսելու մոտիվացիայի հիմնական աղբյուրներն են եկամուտը մեծացնելու ցանկությունը (50 տոկոս), իրենց համար աշխատելու պատրաստակամությունը (31 տոկոս) եւ երազանքի իրականացումը (21 տոկոս): Հայաստանում հիմնական դրդապատճառը եկամուտների ավելացումն է (58 տոկոս):
- Կին ձեռներեցները գրեթե հավասարապես հոգ են տանում իրենց բիզնեսի եւ անձնական կյանքի մասին: Հարցվածներն իրենց ամենամեծ մտահոգությունների թվում նշել են բիզնեսի ձախողումը (29 տոկոս), ֆինանսական վիճակի վատթարացումը (27 տոկոս) եւ ընտանիքի ու երեխաների երկրորդական պլան մղվելը (25 տոկոս): Հայաստանում կանանց հիմնականում մտահոգում են ֆինանսական վիճակի վատթարացումը (34 տոկոս), որին հաջորդում են բիզնեսի ձախողումը (32 տոկոս) եւ շատ աշխատելն ու բավականաչափ չհանգստանալը (28 տոկոս):
- Կանանց պատկանող բիզնեսները պայքարում են մրցակցության պայմաններում գոյատեւելու եւ ֆինանսավորում հայթայթելու համար: Կին ձեռներեցներին առավել հաճախ հանդիպող մարտահրավերներն են բարձր մրցակցությունը (40 տոկոս), կապիտալ միջոցների ներգրավումը (32 տոկոս) եւ բիզնեսվարության համար անբարենպաստ պայմանները (31 տոկոս): Ըստ հայաստանցի հարցվածների՝ իրենց երկրում բիզնես հիմնելու եւ վարելու հետ կապված հիմնական խնդիրներն են ներդրումներ/ֆինանսավորում ստանալը (46 տոկոս), բարձր մրցակցությունը (38 տոկոս) եւ աշխատողներ հավաքագրելն ու թիմ ստեղծելը (26 տոկոս):
- Կին ձեռներեցները ցանկանում են սովորել առցանց բիզնես վարել: Հարցվածների շրջանում առավել ցանկալի հմտություններն են՝ լրացուցիչ ֆինանսավորում ձեռք բերելու ռազմավարությունները (47 տոկոս), թվային մարքեթինգն ու սոցիալական ցանցերի կառավարումը (37 տոկոս), էլեկտրոնային կոմերցիան (24 տոկոս) եւ միջազգային բիզնեսի զարգացումը (21 տոկոս): Հայաստանում որպես առավել ցանկալի հմտություններ են նշվել լրացուցիչ ֆինանսավորում ստանալը (42 տոկոս), թվային մարքեթինգն ու սոցիալական ցանցերի կառավարումը (37 տոկոս), էլեկտրոնային կոմերցիան եւ առցանց գործառնությունները (28 տոկոս):
- Կանանց պատկանող բիզնեսներն աշխատակիցների եւ մատակարարների վճարումներն առավելապես կատարում են կանխիկով, բայց, որպես կանոն, POS տերմինալներ են տեղադրում հաճախորդների համար: Կին ձեռներեցների 42 տոկոսն իրենց աշխատակիցներին եւ մատակարարներին վճարում է կանխիկ, մինչդեռ 37 տոկոսը նախընտրում է քարտային վճարումները: Հայաստանի դեպքում 57 տոկոսը նախընտրում է քարտով վճարումը, եւ միայն 37 տոկոսը՝ կանխիկ: Ինչ վերաբերում է հաճախորդներին, ապա այս դեպքում էլեկտրոնային վճարումները շատ ավելի տարածված են. հարցվածների 37 տոկոսը նշել է, որ քարտային վճարումներն իրենց ապրանքների եւ ծառայությունների համար վճարելու ամենահաճախ հանդիպող ձեւն է, իսկ 42 տոկոսը նշել է, որ նախընտրում է, երբ հաճախորդները վճարում են անում քարտով: Համեմատության համար նշենք, որ կին ձեռներեցների 35 տոկոսը նշել է, որ իրենց հաճախորդներն ավելի հաճախ վճարում են կատարում կանխիկ, բայց միայն 28 տոկոսն է նախընտրում, որ իրենց հաճախորդները վճարումները կատարեն կանխիկ: Հայաստանում քարտային վճարումների տեսակարար կշիռը կազմում է 48 տոկոս, որը գերակշռում է այն 28 տոկոս ձեռնարկատերերին, որոնք նախընտրում են կանխիկ վճարումները:
Visa-ի եւ Emerging Europe-ի համագործակցության հաջորդ փուլը, որն ունի տարածաշրջանի կին ձեռներեցներին «She’s Next» համայնքի ներքո միավորելու հավակնոտ նպատակ, նրանց շփվելու, մենթորության, փորձի փոխանակման եւ իրենց բիզնեսի հորիզոններն ընդլայնելու հարթակ տրամադրելն է։